«ԱՄՆ-ն և իր դաշնակիցները համավարակային պայմաններն օգտագործել են այլ երկրների նկատմամբ գործադրվող ճնշումն ավելացնելու համար». Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սեգեյ Լավրովն իր ասուլիսի ընթացքում ասել է, որ ԱՄՆ-ն և իր գործընկերները փորձել են օգտագործել կորոնավիրուսային համավարակը` այլ երկրների վրա ճնշում գործադրելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները անտեսել են ՄԱԿ-ի` համավարակի ընթացքում, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում դեղորայքի, սննդի, սարքավորումների մատակարարմանն ուղղված միակողմանի անօրինական պատժամիջոցները դադարեցնելու կոչերը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ռուսական դիվանագիտության 2020 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ցավոք, ոչ ամենուր և ոչ միշտ է, որ համերաշխության ցանկություն էր դրսևորվում համավարակային պայմաններում: Մեր որոշ արևմտյան գործընկերներ, առաջին հերթին Միացյալ Նահանգներն ու նրա ամենամոտ դաշնակիցները, փորձեցին իրավիճակն օգտագործել ճնշման, շանտաժի, վերջնագրերի, ոչ լեգիտիմ գործողությունների իրենց մեթոդների ձևավորման նպատակով` ոչ միայն միակողմանի սահմանափակումների ներդրմամբ, այլ նաև շատ երկրների ներքին գործերին միջամտելու այլ մեթոդներով, այդ թվում, ի դեպ, նաև մեր ամենամոտ հարևան Բելառուսում», - ասել է նախարարը:
Անդրադառնալով, համավարակի ընթացքում, դեղորայքի, սննդի և սարքավորումների մատակարարման դադարեցմանն ուղղված պատժամիջոցների կասեցման վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից հնչած կոչերին` Լավրովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է սատարել նման մոտեցումը և հիշեցրել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել միջազգային առևտրում պատժամիջոցներից զերծ կանաչ գոտիներ ստեղծելու առաջարկությամբ:
«Ցավոք, այդ ողջամիտ կոչերը, ինչպես մեր, այնպես էլ ՄԱԿ-ի առաջնորդների, կախված են օդում», - եզրափակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: