Մոսկվան ցանկանում է հայ ռազմագերիների հարցը փակել՝ ղեկավարվելով բոլորը բոլորի հետ սկզբունքով. Լավրով
Ռազմագերիների հարցն իսկապես քննարկվել է, դա այն համաձայնությունների մասն է, որ ստորագրվել են նոյեմբերի 9-ից լույս 10-ի գիշերը, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սեգեյ Լավրովն իր ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքով՝ այս հարցը քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ՌԴ նախագահի հետագա հեռախոսային զրույցների ժամանակ, երկու երկրների գործընկերների հետ հենց իր՝ Լավրովի հեռախոսային զրույցների ժամանակ:
Լավրովի հավաստմամբ՝ դա հունվարի 11-ին տևական բանավեճերի մասն էր:
Ինչ վերաբերում է Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում գաղտնի հավելվածների առկայությանը, Լավրովի խոսքով այդ հայտարարություններում չկան նման թաաքնված կետեր:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը բավական արդյունավետ է իրականացվում: Այդ գնահատականը տվել են եւ՛ նախագահ Ալիեւը, եւ՛ վարչապետ Փաշինյանը»,-ասել է Լավրովը:
«Բացառությամբ հայ ռազմագերիների հարցի, որը, կրկնում եմ, այժմյան խմբագրմամբ առաջացել է դեկտեմբերի սկզբին՝ համաձայնությունների կնքումից մեկ ամիս անց: Մնացածն իրականացվում է բավական արդյունավետ: Լուծվում է խաղաղապահների մանդատի հարցը: Այն պետք է եռակողմ համաձայնությունների առարկա, ինչի մասին խոսել են հունվարի 11-ին Մոսկվայում հանդիպման ժամանակ: Որեւէ գաղտնի հավելված չկա: Եվ ես չեմ տեսնում՝ ինչ թեմաներ կարող են գաղտնիք լինել»,-նշել է Լավրովը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկին, ապա, ինչպես հասկանում եմ, Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել ոչ մեկի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից: Մենք նման միտք անգամ չունենք։ Մենք ելնում ենք նրանից, որ այս տարածաշրջանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների և, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պատրաստ ենք օգնել նման լուծումների որոնմանը, որոնք պակահովեն խաղաղություն, կայունություն և անվտանգություն այս տարածաշրջանում: Եվ ամենակարեւորը այն մարդկանց անվտանգությունը, որոնք այստեղ ապրել են միշտ եւ պետք է ապրեն ապագայում»,-ասել է նա: