Մահացել է պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորը
81 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի երաժշտական պրոդյուսեր եւ հնչունային ռեժիսոր Ֆիլ Սպեկտորը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Կալիֆոռնիա նահանգի ուղղիչ հիմնարկների եւ վերականգնողական դեպարտամենտի տվյալներով նա մահացել է հունվարի 16-ին հիվանդանոցում։ Մահվան նախնական պատճառը՝ «բնական»։ Սպեկտորի մահվան պաշտոնական պատճառը հետագայում կորոշի Սան Խոակին շրջանի դատաբժշկական փորձագետը։ Հայտնի է, որ մոտ մեկ ամիս առաջ նրան հոսպիտալացրել են COVID-19 ախտորոշմամբ։
2009 թվականից Սպեկտրը բանտային պատիժ էր կրում 40-ամյա դերասանուհի եւ ֆոտոմոդել Լանա Քլարքսոնի սպանության համար: Նա մահացել է ատրճանակի կրակոցից։ Պրոդյուսերի փաստաբանները պնդում էին, որ դերասանուհին ինքնասպանություն է գործել, քանի որ տառապում էր դեպրեսիայից։ Սակայն չորս կանանց ցուցմունքները, որոնք պնդում էին՝ Սպեկտորն իրենց սպառնացել է զենքով, ստիպել են ատենակալներին մեղադրական դատավճիռ կայացնել։ Նրան դատապարտել են 19 տարվա ազատազրկման։
Փիլ Սպեկտորը երաժշտության աշխարհում համարվում է լեգենդար գործիչ։ Ինչպես գրել է նրա կենսագիր Ռիչարդ Ուիլյամսը, նա «անդրկուլիսյան անտեսանելի տղային պրոդյուսերի մասնագիտությունը վերածել է մի գործչի, որի մասշտաբները համադրելի են ֆիլմերի ռեժիսորի հետ»: Սպեկտորը ստեղծել է «ձայնի պատ» երաժշտական տեխնոլոգիան՝ երաժշտության ձայնագրման եւ գործիքավորման մի շարք տեխնիկաներ։
Տարբեր տարիներին պրոդյուսերը համագործակցել է Շերի եւ Թինա Թյորների հետ, նրա ստեղծագործությունն ազդել է Beach Boys-ի եւ Բրյուս Սփրինգստինի վրա: Հենց Սպեկտորն է թողարկման նախապատրաստել The Beatles խմբի վերջին՝ Let It Be ալբոմը։ 1961-ից 1965-ի նա գրել է այդ ժամանակվա 40 հիթերից 20-ը: Սակայն 1970-ականների վերջից նա փակվեց իր տանը եւ ալկոհոլից եւ թմրանյութերից կախվածության պատճառով գրեթե ամբողջությամբ դադարեցրեց կարիերան։