Twitter-ը ժամանակավորապես արգելափակել է հանրապետական կոնգրեսականի օգտահաշիվը
Twitter սոցիալական ցանցը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինի օգտահաշիվը, հաղորդում է CNN-ը։
Կոնգրեսականի խոսքով՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփին առցանց հարթակից հեռացնելով՝ ԱՄՆ-ում խոսքի ազատության դեմ սկսած արշավից օրեր անց «Twitter-ն, առանց բացատրություններ տալու, այժմ արգելափակել է իր օգտահաշիվը»։ Նրա խոսքով՝ «Կոնգրեսը ԱՄՆ-ում խոսքի ազատությունը պաշտպանելու համար պետք է արագ գործի»։
«Գրաքննությունը պետք է դադարի»,- ընդգծել է հանրապետականը։
Ինչպես CNN հեռուստաալիքին հայտնել է Twitter-ի ներկայացուցիչը, արգելափակումն արվել է ընկերության քաղաքականության «բազմաթիվ խախտումների» պատճառով: Այն կվերականգնվի 12 ժամ անց։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Գրինը QAnon դավադրության տեսության կողմնակից է, որի համաձայն՝ աշխարհում գոյություն ունի երեխաների սեռական շահագործման ընդլայնված ցանց, և որում, իբր, ներգրավված են Դեմոկրատական կուսակցության առաջնորդներ և շատ այլ ամերիկացի հայտնիներ, իսկ Դոնալդ Թրամփը ձգտում է բացահայտել այդ ցանցը:
Շարժման կողմնակիցները մասնակցել են 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակմանը։ 2020 թվականի հոկտեմբերին YouTube-ը հայտարարել էր, որ արգելափակել է QAnon-ի տասնյակ հազարավոր տեսանյութեր և փակել շարժման կողմից օգտագործվող ալիքները։
Ավելի վաղ Մարջորի Թեյլոր Գրինը հայտարարել էր, որ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության հաջորդ օրը՝ հունվարի 21-ին պատրասվում է հանդես գալ Կոնգրեսում նրա նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու առաջարկով։