Ալեքսեյ Նավալնին Մոսկվա հասնելուն պես ձերբակալվել է (Լուսանկարներ)
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որի դեմ դեկտեմբերի 29-ից հետախուզում էր հայտարարվել ՌԴ-ում, նախօրեին Մոսկվա վերադառնալուն պես ձերբակալվել է։
Նրան ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, ուր նա ժամանել է Բեռլինից: Նշվում է, որ նրա դեմ հետախուզում է հայտարարվել պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար: Նրա դեմ խափանման հետագա միջոցը կորոշի դատարանը: Նախքան դատարանի որոշումը Նավալնին կմնա կալանքի տակ:
ՌԴ Քրեակատարողական դաշնային ծառայությունը հայտնել էր, որ մտադիր է ձերբակալել Նավալնիին, երբ վերջինս հայտարարել էր Ռուսաստան վերադառնալու ցանկության մասին:
Հիշեցնենք, որ Նավալնիին Գերմանիա էին տեղափոխել բուժման նպատակով: Վերջինիս ինքնազգացողությունը վատթարացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Օմսկ ուղևորվող օդանավում, որից հետո նրան հոսպիտալացրել էին Օմսկի հիվանդանոցում: Երկու օր անց ընդդիմադիր գործչին Գերմանիայից ժամանած ինքնաթիռով տեղափոխել էին Բեռլինի հիվանդանոց, որի մասնագետների պնդմամբ՝ նրան թունավորել են:
Մինչ այդ Նավալնիի դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլու յուրացման գործերով: