Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին Միջազգային դատարան դիմել դիվանագետներին հետապնդելու համար
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սայեդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը պաշտոնապես նախազգուշացնում է ԱՄՆ-ին, որ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան, եթե Վաշինգտոնը շարունակի անօրինական գործողություններն ընդդեմ իրանցի դիվանագետների, հաղորդում է Tasnim-ը:
Հաթիբզադեի խոսքով՝ Իրանը հրապարակել է պաշտոնական հուշագիր այդ կապակցությամբ եւ ներկայացրել այն Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որը ներկայացնում է Իրանում ԱՄՆ-ի շահերը:
«Այդ հուշագրում ամերիկյան կողմը նախազգուշացվել է, որ Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարանին, եթե Վաշինգտոնը չդադարի իր անօրինական գործողություններն ընդդեմ իրանցի դիվանագետների միջազգային կազմակերպություններում, ինչպես ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, որոնց գլխավոր գրասենյակները տեղակայված են ԱՄՆ տարածքում»,-ասել է մամուլի քարտուղարը:
«ԱՄՆ-ի կառավարությունն արդեն վաղուց, խախտելով միջազգային իրավունքը, բազմաթիվ սահմանափակումներ է կիրառում իրանցի դիվանագետների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ԱՄՆ-ի միջազգային կազմակերպություններում, եւ այդ գործողությունները խախտել են ու դժվարացրել են Իրանի եւ մի շարք այլ երկրների դիվանագետների աշխատանքը»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչը: