Էրդողանի 85,6 մլն դոլար արժողությամբ ամառային պալատի նախագիծը քննադատությունների ալիք է բարձրացրել
Թուրքիայի հարավարևմտյան Մարմարիս քաղաքում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կառուցվող ամառային պալատը կարժենա 640 միլիոն լիրա (85,6 միլիոն դոլար), գրում է թուրքական Ahval-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, միլիոնավոր լիրաներ արդեն իսկ ծախսվել են 300 սենյականոց շինության վրա, և ևս 20 մլն լիրա կհատկացվի 2021 թվականին։
Ըստ հաղորդման՝ այդ կառույցի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 65 000 քառակուսի մետր հողատարածք, որի վրա կտեղակայվեն մի քանի փոքր պալատներ՝ լողավազաններով և երեք ուղղաթիռների համար նախատեսված հրապարակներով։
Էրդողանի պալատի շինարարությունը, ինչպես նշում է աղբյուրը, ընդդիմադիր օրենսդիրների և շրջակա միջավայրի պաշտպանների խմբերի շրջանում քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։
Նշվում է նաև, որ Էրդողանի գլխավոր նախագահական պալատը կառուցվել է 615 մլն դոլարով։
Երրորդ նախագահական պալատը կառուցվում է Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Ախլաթ քաղաքում։