Թուրքիայի դրական հայտարարությունները պետք է ուղեկցվեն համապատասխան ու կոնկրետ գործողություններով․ Եվրահանձնաժողով
Թուրքիայի դրական հայտարարություններն ու ուղերձները պետք է ուղեկցվեն համապատասխան ու կոնկրետ գործողություններով, հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն, հաղորդում է թուրքական Ahval-ը։
«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա ԵՄ-ի դիրքորոշումը պարզ է․ լարվածությունը պետք է նվազի, մեր նպատակը պետք է լինի երկխոսության և փոխգործակցության զարգացումը, որը հիմնված կլինի փոխադարձ շահերի վրա, և կգործի փոխշահավետ շրջանակներում»,-ասել է ԵՄ մամուլի քարտուղարը:
Ստանոն հավելել է, որ ԵՄ-ի դիրքորոշումը Թուրքիային կփոխանցվի հաջորդ շաբաթ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ ՋԺոզեպ Բորելի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ։
Անցյալ շաբաթ ԵՄ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ տեսակոնֆերանսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Եվրամիությունը նախկինի պես կարևոր տեղ է զբաղեցնում Թուրքիայի օրակարգում, և երկիրն իր ապագան տեսնում է Եվրոպայում»: