ՆԱՍԱ-ն «Space Launch System» հրթիռի շարժիչների կրակային փորձարկում է կատարել. այն պետք է այս տարի թռչի դեպի Լուսին
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) մասնագետները Միսսիսիպի նահանգում «Space Launch System» հրթիռակիրի շարժիչի կրակային փորձարկումներ են կատարել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ՆԱՍԱ-ի կայքէջի հրապարակմանը:
Փորձարարական համակարգին ամրակցված չորս շարժիչն էլ միաժամանակ մեկ րոպեից ավելի աշխատել են, ենթադրվում էր, որ դրանք կարող են շուրջ 8 րոպե գործել:
2019 թ. գարնանը ՆԱՍԱ-ն հայտարարեց լուսնային «Artemis» ծրագրի մեկնարկի մասին, որը երեք փուլից է բաղկացած լինելու: Առաջինը (Artemis 1) նախատեսում էր «Space Launch System» հրթիռին ամրակցված «Orion» տիեզերանավի անօդաչու թռիչքը Լուսնի շուրջ և վերադարձը Երկիր: Երկրորդ փուլում (Artemis 2) պետք է թռիչք կատարվի Լուսնի շուրջը, բայց այս անգամ՝ տիեզերագնացների անձնակազմով: Երրորդ փուլում (Artemis 3) ՆԱՍԱ-ն նախատեսում է, որ 2024 թ. տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի վրա, ապա նրանք կթռչեն դեպի Մարս՝ 2030-ականների կեսերին: Ծրագրի առաջին փուլի մեկնարկը նախատեսվում է այս տարում, երկրորդինը՝ 2023 թ-ին: