Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնում է 4 նոր երկրների հետ
Հունվարի 27-ից Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնում է Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի եւ Կատարի հետ, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդագրության համաձայն՝ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան անցկացրել է շտաբի նիստ:
«Տեղի ունեցած քննարկման արդյունքներով եւ հաշվի առնելով առանձին երկրներում համաճարակային իրավիճակը՝ շտաբը որոշում է ընդունել 2021 թվականի հունվարի 27-ից փոխադարձ հիմունքով միջազգային ավիահաղորդակցության վերականգնման մասին հետեւյալ պետությունների հետ՝ Վիետնամ (Մոսկվա-Հանոյ, շաբաթական 2 անգամ), Հնդկաստան (Մոսկվա-Դելի, շաբաթական 2 անգամ), Ֆինլանդիա (Մոսկվա-Հելսինկի, շաբաթական 2 անգամ եւ Սանկտ Պետերբուրգ-Հելսինկի, շաբաթական 2 անգամ), Կատար (Մոսկվա-Դոհա, շաբաթական 3 անգամ)»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հստակեցվում է, որ որոշումն ընդունվել է՝ ելնելով նախկինում բարձրաձայնված չափորոշիչներից. 14 օրում 100 հազար բնակչի հաշվարկով կորոնավիրուսային ինֆեկցիայի 40 նոր դեպք, 14 օրում նոր դեպքերի 1 տոկոսից ոչ ավելի օրական աճ եւ 7 օրում COVID-19-ի տարածման միավորից ոչ ավելի գործակից: