Բունդեսթագում նշել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումն ավարտելու հնարավոր խոչընդոտները
Գերմանիայում լոքդաունի հնարավոր երկարացումը կարող է հանգեցնել տնտեսության համար ծանրագույն հետեւանքների, բայց, հավանաբար, ազդեցություն կունենա նաեւ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման վրա, հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Գերդտը «360» հեռուստաալիքի հետ զրույցում:
«Սա ամբողջ բիզնեսի համար անչափ լուրջ փորձություն է: Կարծում եմ, որ փոքր եւ միջին բիզնեսի մեծամասնությունը չի կարողանա լոքդաունի հետեւանքով նորմալ վերականգնվել... Փլատակների տակ կմնան ամբողջական ճյուղեր: Սա հարյուր հազարավոր գործազուրկներ են, չվճարված վարկեր, կորցրած բիզնես»,- կարծում է Գերդտը:
Պատգամավորի կարծիքով՝ հնարավոր տնտեսական հետեւանքները կառնչվեն նաեւ բոլոր հարեւան պետություններին, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանին, որի հետ Գերմանիան ընդհանուր նախագիծ ունի՝ «Հյուսիսային հոսք-2»-ը:
«Եթե Գերմանիայի եւ ԵՄ տնտեսությունը հիմա փլուզվի, ապա այդ վառելիքի այնքան մեծ պահանջարկ չի լինի, ինչպես ենթադրվում էր, ուստի գուցե պետք չէ դրա կառուցումն այդքան արագ եւ այդքան շտապ ավարտել»,- ասել է Գերդտը:
Նա, սակայն, կարծում է, որ նախագիծն, այնուամենայնիվ, կավարտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: