Լիտվան ցանկանում է արգելել Ֆիլիպ Կիրկորովի և Միխայիլ Շուֆուտինսկիի մուտքը երկիր՝ արտիստներին համարելով «ռուսական քաղաքականության փափուկ քարոզչության» գործիք
Լիտվայում քննարկվում է ռուս կատարողներ Ֆիլիպ Կիրկորովին և Միխայիլ Շուֆուտինսկիի՝ երկիր մուտք գործելն արգելելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Կատարողների մուտքը Լիտվա արգելելու հնարավությունը քննարկվում է` համարելով, որ նրանց ելույթները «ռուսական քաղաքականության փափուկ քարոզչության» գործիք են: Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:
«Արտաքին գործերի նախարարությունն ստեղծել է աշխատանքային խումբ, որը գնահատելու է ռուսական քարոզչություն տարածող այս և այլ կատարողների մուտքն արգելելու օրինական հնարավորությունները», - ասել է նա և հավելել, որ որևէ անձի՝ սև ցուցակում ընդգրկելու համար հստակ իրավական հիմքեր են հարկավոր:
Կիրկորովի և Շուֆուտինսկիի անունները նշվում են առաջին հերթին այն բանի համար, որ Լիտվայում կայանալիք իրենց շրջագայության կազմակերպիչները ստացել են մոտ 30 հազար եվրո փոխհատուցում՝ նախատեսված համերգների չեղարկումից առաջացած կորուստները փոխհատուցելու համար: Շրջագայությունը չեղարկվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Լրատվական գործակալությունը նշում է, որ նման վճարներ տրվում են նաև այլ չեղարկված միջոցառումների կազմակերպիչներին, սակայն ռուս կատարողների վերաբերյալ այդ լուրը սկանդալ է առաջացրել լիտվական մամուլում: