ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 12 միլիարդ դոլար կվճարի համավարակի հետևանքով տուժած 12 խոշոր ավիաընկերությունների
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաստատել է 12 միլիարդ դոլարի վճարումը երկրի 12 խոշոր փոխադրողներին, որոնք համաճարակի պատճառով ֆինանսական կորուստներ են ունենում: Այս մասին նշվում է վարչության կողմից ուրբաթ օրը տարածված գրավոր հայտարարության մեջ, հաղորդում է ТАСС-ը:
«Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարեց, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հավանություն է տվել ավելի քան 12 միլիարդ դոլարի հատկացմանը խոշոր ուղևորափոխադրողներին՝ աշխատավարձ վճարելու և ավիացիոն արդյունաբերության աշխատողներին աջակցելու համար», - ասված է հայտարարության մեջ:
Խոսքն այնպիսի ավիափոխադրողների մասին է, ինչպիսիք են Alaska Airlines-ը, Allegiant Air-ը, American Airlines-ը, Delta Airlines-ը, Frontier Airlines-ը, Hawaiian Airlines-ը, JetBlue Airways-ը, Republic Airways-ը, SkyWest Airlines-ը, Southwest Airlines-ը, Spirit Airlines-ը և United Airlines-ը:
«Այս ավիաընկերությունները միասին ապահովում են ԱՄՆ օդային երթևեկության գրեթե 95%-ը», - հայտնել են ֆինանսների նախարարությունից: Միջոցները կուղղվեն ավիաընկերությունների հարյուր հազարավոր աշխատակիցների աջակցությանը:
Բացի այդ, նախապես հաստատված ծրագրի համաձայն, երկրի ֆինանսների նախարարությունը պետք է հաստատի այլ ավիաընկերություններին ևս 4 միլիարդ դոլար հատկացնելու մասին: