Հիմքեր ունենք մտածելու, որ Ուհանի վարակաբանության ինստիտուտի մի քանի հետազոտողներ կորոնավիրուսով վարակվել են դեռ 2019-ի ամռանը. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրապարակել է տեղեկատվություն, որով պաշտպանում է ենթադրություններն այն մասին, որ կորոնավիրուսի համավարակն առաջացել է Չինաստանի լաբորատորիաներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պոմպեոն իր հայտարարությունն ուղղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսուչներին, որոնք այս շաբաթ մեկնել են Չինաստան՝ կորոնավիրուսի համավարակի առաջացման պատճառները ստուգելու համար:
««ԱՄՆ իշխանություններն այսօր նոր տեղեկություններ են տրամադրում 2019-ին Չինաստանի պետական լաբորատորիաներում իրականացված գործունեության մասին», - նշվում է Պոմպեոյի գրավոր հայտարարության մեջ:
Մասնավորապես, նրա խոսքով, Միացյալ Նահանգները հիմքեր ունի կարծելու, որ Ուհանի վարակաբանության ինստիտուտի մի քանի հետազոտողներ հիվանդացել են 2019-ի ամռանը՝ նախքան COVID-19-ի առաջին դեպքը:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը նկատում է, որ առնվազն 2016-ից ի վեր ինստիտուտը ուսումնասիրել է չղջիկների raTG13 կորոնավիրուսը, որն ավելի քան 96% -ով նույնական է COVID-19-ի հետ:
Պոմպեոյի խոսքով՝ ինստիտուտը չի հայտնել վիրուսի «վարակելիության կամ մահացության մեծացման հնարավոր փորձերի» մասին: Պոմպեոն պնդում է նաեւ, որ վարակաբանության ինստիտուտը կապված է ռազմական հետազոտությունների հետ: «Չնայած Ուհանի վարակաբանության ինստիտուտը ներկայացվում է որպես քաղաքացիական, այն հրատարակություններում և գաղտնի նախագծերում համագործակցել է չինացի զինվորականների հետ», - ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ: