էդուարդ Աղաջանյանը «Իմ քայլի» դռնփակ նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ շուտով պատգամավորներին զենքեր կբաժանվեն, որ անարգել ելումուտ անեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Խորհրդարանի իշխող խմբակցության շատ պատգամավորներ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ջարդուփշուրից հետո շարունակում են խուսափել փողոց դուրս գալուց: Հատկապես այն դեպքերից հետո, երբ մի խումբ երիտասարդներ սկսել էին իշխանական պատգամավորների տների բակերը գնալ, ու «դավաճան» որակումներով ամոթանք տալ պատգամավորներին, շատ օրենսդիրներ ընդհատակ են անցել: Որոշ մասը վախենում է խայտառակվելուց, որոշ մասը վախենում է, որ կհարձակվեն ու կվնասեն իրենց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորների վախերը հաղթահարելու առաջարկով է հանդես եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը: Նա խմբակցության դռնփակ նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ շուտով պատգամավորներին զենքեր կբաժանվեն, որպեսզի անարգել ելումուտ անեն: Հիմա կառավարությունը զենքերի հավաքագրմամբ է զբաղվում, որպեսզի իշխանական պատգամավորներին բաժանի, դե, օրենքում փոփոխություն կատարելը արդեն տեխնիկայի հարց է: Պարզապես անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը հիմնավորելու միայն իշխող ուժի ներկայացուցիչներին զենք բաժանելու գաղափարը, եթե խոսքը վերաբերում է պատգամավորներին զենք տալուն։
Հայտնի է, որ ՀՀ ԱԺ-ում կա 132 պատգամավոր«Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցություններից և 8 անկախ պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթը այս իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ պարզելու համար տեղեկատվությունը: Աղազարյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, գուցե եղել է ինչ-որ նիստ, որին ինքը չի մասնակցել, բայց նաև ասաց, թե պատգամավորներին զենք տալն իր համար ընդունելի չէ «Չէ, ես չեմ կիսում այդ տեսակետը»:
Ի դեպ, պատգամավորը հայտարարեց, որ ինքը որևէ վտանգ չի տեսնում, տրանսպորտով է երթևեկում, ու որևէ խնդիր չկա իր համար: Իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մեզ ասաց, որ ինքը ևս տեղյակ չէ նման բանից, գուցե բաց է թողել այդ նիստը:
Հիշեցնենք, որ վերջերս դատավորները իրավունք ստացան զենք ունենալու, երեկ արդեն հայտնի դարձավ, որ շուտով Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ գործունեություն ծավալող և մի խումբ այլ աշխատակիցներ հնարավորություն կունենան զենք ունենալ: Նախագիծը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարկման դրվեց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: