Թուրքիայում ձերբակալել են Ադրբեջանի գլխավոր «օրենքով գողի» սպանության մեջ կասկածյալներին
Ստամբուլում ձերբակալել են Ադրբեջանի գլխավոր «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտու Գուլի) սպանության մեջ կասկածյալներին, հաղորդում է Lenta-ն:
Ադրբեջանի քաղաքացիներին ձերբակալել են Թուրքիայի օդանավակայանում: Նրանք փորձել են մեկնել Ուկրաինա:
Ոստիկանության տվյալներով՝ Մովլանլին եւ Հասանովը մինչեւ Գուլիի սպանությունը հանդիպել են սպանության կատարող Խագան Զեյնալովի հետ: Ինքը՝ Զեյնալովը, հրաժարվել է նշել պատվիրատուների անուններն ու ասել է, որ սպանել է «օրենքով գողին» անձնական հակակրանքի պատճառով:
Պորտալի տեղեկություններով՝ երկու ձերբակալվածները «օրենքով գող» Ռովշան Ջանիեւի (Լենքորանսկի) կլանի ներկայացուցիչներն են, ով սպանվել էր Գուլիի հրամանով 2016 թվականին:
Հիմնական վարկածի համաձայն՝ Լենքորանսկու հարազատները ֆինանսավորել են հանցանքը՝ ցանկանալով վրեժ լուծել, իսկ սպանության կազմակերպիչն է եղել Ռաֆիկ Էյվազովը (Ռաֆիկ Մասալինսկի), ում ականջը կտրել են 2017 թվականին կրկին Գուլիի հրամանով:
Անցած տարի օգոստոսի 20-ին հայտնի է դարձել Ադրբեջանի գլխավոր «օրենքով գողի» սպանության մասին: Նրան սպանել են Անթալիայում հյուրանոցային համարում: Սպանության պահին Գուլին մեջքով դեպի դուռը նստած թուղթ խաղալիս է եղել: Սենյակում, բացի հեղինակությունից, եղել են եւս երկուսը, այդ թվում՝ նրա թիկնապահը: Ներս մտնող Խագան Զեյնալովի (Խան Բակինսկի) վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել, քանի որ նա վաղուց էր ներթափանցել Գուլիի շրջապատ եւ շահել հեղինակության վստահությունը: Օգտվելով խառնաշփոթից՝ Զեյնալովը փախուստի է դիմել, սակայն շուտով նրան բռնել են թուրք ոստիկանները: