Ամերիկյան ծայրահեղ աջ խմբավորումները Բայդենի երդմնակալությանն ընդառաջ բողոքի ակցիաներ ու հարձակումներ են ծրագրում
Ամերիկյան ծայրահեղ աջ խմբավորումները բողոքի ակցիաներ և հարձակումներ են ծրագրում հունվարի 20-ին նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունից առաջ և հետո: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Ըստ ԶԼՄ-ի տվյալների՝ իրավապահ մարմինները կարծում են, որ ծայրահեղական խմբավորումները կարող են մի շարք բողոքի ակցիաներ անցկացնել ամբողջ երկրում՝ զինված ցուցարարների մասնակցությամբ, որոնք կարող են նաև պայթուցիկ նյութեր ունենալ իրենց մոտ: Բացի այդ, պարբերականը նշում է՝ ԱՄՆ իշխանությունները չեն բացառում երկրորդ հարձակումը Կոնգրեսի և նույնիսկ հարձակում Սպիտակ տան վրա: Մասնավորապես, հետաքննությունների դաշնային բյուրոն վերահսկում է ծայրահեղ աջերի գործունեությունը համացանցում, որի մի շարք ներկայացուցիչներ շարունակում են բռնության կոչեր անել:
Ինչպես նշում է թերթը, մահվան սպառնալիքներով պայմանավորված, ամերիկացի որոշ օրենսդիրներ վարձել են մասնավոր թիկնապահներ:
Միևնույն ժամանակ, պարբերականը հայտնում է, որ ի պաշտպանություն գործող նախագահ Դոնալդ Թրամփի, ցույցերի որոշ կազմակերպիչներ ստիպված են եղել չեղյալ հայտարարել մի շարք բողոքներ նահանգների վարչական կենտրոններում և ամերիկյան մայրաքաղաքում`վախենալով, որ իրավապահ մարմինները կսկսեն ձերբակալել նրանց:
Պարբերականը շեշտում է նաև, որ անցյալ շաբաթ Կոնգրեսում տեղի ունեցած անկարգություններին մասնակցած տասնյակ մարդիկ ընդգրկված են այն անձանց ցուցակներում, ովքեր, ըստ ՀԴԲ-ի, կարող են ներգրավվել ահաբեկչական գործողությունների մեջ:
Նշվում է՝ Բայդենի երդմնակալությանն ընդառաջ ԱՄՆ իշխանությունները Վաշինգտոնում ուժեղացված անվտանգության միջոցառումներ են ձեռնարկում: Սպիտակ տանն ու Կոնգրեսին հարող քաղաքի կենտրոնի զգալի մասը փակ է երթևեկության համար: Կապիտոլիումի բլուրը շրջափակված է. Հասարակության լայն զանգվածներին մի քանի օր է, ինչ թույլ չեն տալիս մտնել այնտեղ: Բացի այդ, մինչև հունվարի 20-ը Վաշինգտոն կժամանեն ԱՄՆ ազգային գվարդիայի ավելի քան 20 000 ծառայողներ: