Լավրով-Զարիֆ մոսկովյան հանդիպմանը կքննարկվի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 15-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսվում է շարունակել մտքերի փոխանակությունը մի շարք միջազգային հարցերի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի և Աֆղանստանի շուրջ իրավիճակների վերաբերյալ»,- ասել է Զախարովան:
Նախարարների հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և միջազգային օրակարգի այլ հարցեր: