Twitter-ի գլխավոր տնօրենը՝ սոցցանցերում Թրամփի հաշիվների արգելափակման վտանգավոր հետևանքների մասին
Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին ոչ ուրախ է, ոչ էլ հպարտ` նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվի արգելափակման հետ կապված:
Նրա խոսքով՝ այդ քայլն անհրաժեշտ էր «հանրային անվտանգության» համար: «Մենք բախվեցինք մի արտառոց եւ անընդունելի հանգամանքի հետ, որը մեզ ստիպեց մեր բոլոր գործողությունները կենտրոնացնել հանրային անվտանգության վրա»,- գրել է նա մի շարք թվիթներում:
Միեւնույն ժամանակ, Դորսին ընդունել է հաշիվը արգելափակելու «իրական եւ լուրջ հետեւանքները»: «Այս գործողությունները կատարելու անհրաժեշտությունը մասնատում է հանրային խոսակցությունը: Դրանք մեզ բաժանում են: Դրանք սահմանափակում են պարզաբանման, թողության եւ սովորելու հնարավորությունը: Եւ դա նախադեպ է ստեղծում, որը, ըստ իս, վտանգավոր է՝ անհատի կամ կորպորացիայի իշխանություն համաշխարհային հասարակական բանավեճի մի մասի վրա»,- գրել է Դորսին:
Twitter-ից բացի, Թրամփի հաշիվները արգելափակվել են նաեւ մյուս խոշոր սոցիալական ցանցերում, ներառյալ Facebook-ը եւ Instagram-ը:
Եւ թեեւ Դորսին ասել է, որ ժամանակն է քայլեր ձեռնարկել Թրամփի հանդեպ, նա ահազանգել է, որ նման գործողությունները կշարունակվեն նաեւ ապագայում: «Երկարաժամկետ հեռանկարում դա կործանարար կլինի բաց ինտերնետի վեհ նպատակի եւ իդեալների համար: Մոդերացիայի վերաբերյալ գործարար որոշում կայացնող ընկերությունը տարբերվում է կառավարությունից, որը փակում է հասանելիությունը, բայց զգացողությունը նույնն է»,- ասել է Դորսին: