Բայդենը հույս է հայտնել, որ Թրամփին պաշտոնանկ անելու ընթացակարգը չի ազդի իր վարչակազմի հաստատման ժամկետների վրա
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու ընթացակարգը չի ազդի նոր վարչակազմում գերատեսչությունների ղեկավարների հաստատման ժամկետների վրա:
«Այսօր Ներկայացուցիչների պալատի անդամներն օգտվեցին մեր Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններից և քվեարկեցին պաշտոնանկության ընթացակարգ սկսելու և նախագահին պատասխանատվության ենթարկելու օգտին»,- հաղորդագրություն է տարածել Բայդենը։
Նա նաև հույս է հայտնել, որ «Սենատում առաջնորդներն իրենց սահմանադրական պարտականությունները կատարելու այնպիսի միջոց կգտնեն, որը չի խոչնդոտի ԱՄՆ-ի համար կարևոր այլ հարցերի շուրջ աշխատանքը»։
Դեմոկրատն ընդգծել է, որ խոսքը Սենատում «առանցքային պաշտոնների համար իր առաջադրած թեկնածուների հաստատման մասին է, այդ թվում ՝ Ազգային հետախուզության տնօրենի, ներքին անվտանգության նախարարի, պետքարտուղարի, պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի»:
«Ես հաճախ ասել եմ, որ անհնար ոչինչ չկա, եթե մենք դա միասին անենք»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը:
Բանաձևն ընդունվել է 232 կողմ և 197 դեմ ձայներով: Թրամփին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել են նաև թվով 10 հանրապետական օրենսդիրներ: Խոսքը հանրապետականներ Դեն Նյուհաուսի (Վաշինգտոն), Ջոն Կատկոյի (Նյու Յորք), Ջեյմի Հերրերա Բեիթլերի (Վաշինգտոն), Ադամ Քինցինգերի (Իլինոյս), Ֆրեդ Ափթոնի (Միչիգան), Լիզ Չեյնիի (Վայոմինգ), Փիթեր Մեյերի (Միչիգան) մասին է, որոնց անունները հրապարակվել էին ավելի վաղ: