14 տարի առաջ այս օրը Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում
14 տարի առաջ այս օրը՝ 2007 թվականի հունվարի 14-ին, Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Դա տեղի է ունեցել Լոս Անջելեսում անցկացված ընկերական խաղում, որտեղ հայկական թիմը մրցել է Պանամայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Այդ ժամանակ Երևանի «Փյունիկում» հանդես եկող Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում՝ փոխարինելով Ռաֆայել Նազարյանին:
Հիշեցնենք, որ իտալական «Ռոմայի» 31-ամյա կիսապաշտպանը Հայաստանի հավաքականում անցկացրել է 88 հանդիպում և 30 գոլով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:
Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):