Թուրքիան կորոնավիրուսի համավարակն օգտագործում է ավտորիտար իշխանությունն ուժեղացնելու համար․Human Rights Watch
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը կորոնավիրուսի համավարակն օգտագործում է ավտորիտար իշխանությունն ուժեղացնելու համար, ասված է Human Rights Watch միջազգային կազմակերպության նոր զեկույցում, որի համաձայն՝ կառավարությունը լռեցնում է քննադատներին և ընդունում նոր օրենքներ, որոնք ուղղված են այլախոհության սահմանափակմանը։
Համավարակի պատրվակով թուրքական իշխանությունները 2020 թվականին արգելել են ընդդիմության և կառավարության քննադատների ցույցերի անցկացումը, ինչպես նաև ընդունել նոր օրենքներ, որոնք ուղղված են սոցիալական ցանցերի նկատմամբ Անկարայի վերահսկողության խստացմանը, ասված է ամենամյա զեկույցում, որտեղ քննարկվում է ավելի քան 100 երկրներում մարդու իրավունքների պաշտպանության պրակտիկան:
«Ահաբեկչության մեղադրանքները շարունակում են լայնորեն օգտագործվել՝ պետական հեղաշրջման փորձից հետո չորս տարիների ընթացքում կարծիքների ազատ արտահայտման իրավունքները սահմանափակելու համար»,- ասված Է զեկույցում, որտեղ մատնանշվում է ահաբեկչության հետ կապերի համար Թուրքիայում մի շարք հայտնի անձանք ձերբակալությունները, որոնց թվում են թուրք գործարար Օսման Քավալան, քուրդ քաղաքական գործիչ Սելահաթին Դեմիրթաշը և գրող ու լրագրող Ահմեդ Ալթանը։
Զեկույցում նաև խոսվում է վերջին չորս տարվա ընթացքում բանտերում կտտանքների, դաժան վերաբերմունքի և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ պնդումներ թվի աճի մասին:
«Դատախազները նման մեղադրանքներով բովանդակային հետաքննություն չեն իրականացնում, ըստ այդմ անպատժելիության մթնոլորտ է ստեղծվել անվտանգության ուժերի աշխատակիցների և դրան մասնակից պետական պաշտոնյաների համար»,- ասված Է հայտարարության մեջ: