ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամ Մարջորի Թեյլոր Գրինը Ներկայացուցիչների պալատում կբարձրացնի Բայդենին պաշտոնանկ անելու հարցը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամ Մարջորի Թեյլոր Գրինը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության հաջորդ օրը բարձրացնել վերջինիս դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը։
«Ես կցանկանայի ամերիկյան ժողովրդի անունից հայտարարել, որ մենք պետք է գործենք՝ վստահ լինելով, որ մեր առաջնորդները պատասխանատվության են ենթարկվում․ մենք չենք կարող ունենալ Միացյալ Նահանգների նախագահ, որը պատրաստ է չարաշահել նախագահի պաշտոնը և հեշտությամբ կաշառվել օտարերկրյա կառավարությունների՝ չինական և ուկրաինական էներգետիկ ընկերությունների կողմից»,- Newsmax-ի թղթակցին ասել է նա՝ հավելելով, որ հունվարի 21-ին կբարձրացնի Ջո Բայդենի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը։
Գրինի խոսքով՝ իր քայլով մտադիր է ապացուցել, որ «Կոնգրեսում կան հանրապետականներ, որոնք պատրաստ են կանգնել և պայքարել ամերիկացիների համար»։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը:
Բանաձևն ընդունվել է 232 կողմ և 197 դեմ ձայներով: Թրամփին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել են նաև թվով 10 հանրապետական օրենսդիրներ: Խոսքը հանրապետականներ Դեն Նյուհաուսի (Վաշինգտոն), Ջոն Կատկոյի (Նյու Յորք), Ջեյմի Հերրերա Բեիթլերի (Վաշինգտոն), Ադամ Քինցինգերի (Իլինոյս), Ֆրեդ Ափթոնի (Միչիգան), Լիզ Չեյնիի (Վայոմինգ), Փիթեր Մեյերի (Միչիգան) մասին է, որոնց անունները հրապարակվել էին ավելի վաղ: