ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության մասին բանաձևի ընդունումից հետո փաստաթղթի շուրջ հետագա գործողություններին անդրադարձել է BBC-ն
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության մասին բանաձևի ընդունումից հետո փաստաթղթի շուրջ հետագա գործողություններին անդրադարձել է BBC-ն:
Պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ բանաձևը հաջորդ քայլով պիտի ուղղարկվի Սենատ, որտեղ անցկացվելու է դատավարություն` նախագահի մեղավորությունը պարզելու նպատակով:
Հեռացող նախագահին դատապարտելու համար անհրաժեշտ է Սենատի անդամների 2/3-րդի ձայները, որի համար էլ առնվազն 17 հանրապետական սենատոր պետք է կողմ քվեարկի բանաձևին: Երեքշաբթի օրը, New York Times լրատվականը տեղեկացրել էր, որ Սենատի հանրապետականներից որոշները պատրաստ են դատապարտել նախագահին:
Եթե Դոնալդ Թրամփը դատապարտվի Սենատի կողմից, օրենսդիրները կարող են անցկացնել մեկ այլ քվեարկություն՝ նրան նախագահի պաշտոնում կրկին թեկնածությունն առաջադրելու իրավունքից զրկելու համար, քանի որ վերջերս Թրամփը հայտարարել էր, որ նախատեսում է նորից առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:
Սակայն այս դատավարությունը չի կայանա Թրամփի պաշտոնավարման մնացած մեկ շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ հինգ մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: Այժմ նախագահը մեղադրվում է իր աջակիցների միջոցով Կոնգրեսի դեմ հարձակում հրահրելու համար: