Վերջին տարիներին Թուրքիայի ռազմատենչ գործողությունների մեծ մասն իրականացվել է ԱՄՆ-ի ուղղակի աջակցությամբ, սակայն Բայդենը չի հանդուրժի Անկարայի սպառնալիքները․ The Jerusalem Post
Վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը, որը պայմանավորված էր ԱՄՆ-ի և մասնավորապես՝ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած ամենաթողության մթնոլորտով, նորընտիր նախագահ Ջո Բայդենի օրոք վերջ կտրվի, The Jerusalem Post թերթում հրապարակված հոդվածում գրել է մերձարևելյան հարցերով վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը։
Մեկնաբանի դիտարկմամբ, ի տարբերություն Թրամփի, «Բայդենն ու նրա նոր թիմը չեն ենթարկվի Անկարայի հրամաններին և չեն հանդուրժի նրա սպառնալիքները», մինչդեռ Թրամփի նախագահության տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակաբար ագրեսիվ քաղաքականություն է վարել՝ հարձակվելով քրդերի վրա և ներխուժելով Սիրիա։
Անդրադառնալով Անկարայի սիրիական քաղաքականությունը, Ֆրանցմանը նշում է, որ Թուրքիան Միացյալ Նահանգներին ստիպեց հեռանալ երկրի հյուսիսային շրջաններից, ինչն, ի վերջո, հանգեցրեց տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ազդեցության ավելացմանը։
«Ինչպես սիրիական, այնպես էլ լիբիական հակամարտություններում ԱՄՆ-ի դերը մղվել է երկրորդ պլան»,- գրում է նա՝ հավելելով, որ «մինչդեռ Էրդողանն աշխատում է Թեհրանի և Մոսկվայի հետ»։
Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղում պատերազմ հրահրելու Անկարայի պրակտիկան շատ նման էր Սիրիայի պրակտիկային, քանի որ Թուրքիան, ի վերջո, Կովկասում համագործակցել է Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ռուսաստանը Միացյալ Նահանգների փոխարեն ազդեցություն է ձեռք բերել»։
Վերջին տարիներին Թուրքիայի ավտորիտար և ռազմատենչ գործողությունների մեծ մասն իրականացվել է ԱՄՆ-ի ուղղակի աջակցությամբ կամ պասիվ համաձայնությամբ, սակայն Անկարայի առանցքային կողմնակիցները Վաշինգտոնում այժմ լքում են իրենց պաշտոնը, հավելել է վերլուծաբանը։