«Այստեղ մեր շփումն ու ընկերությունն ամրապնդվեց». Արենա Զեյնալյանը՝ ընտրյալի, 2021-ն ԱՄՆ-ում դիմավորելու, կորոնավիրուսի «անակնկալների» ու 2020-ի մասին
«Միսս Հայուհի 2018» տիտղոսակիր, Women’s Club նախագծի ամենասիրելի կերպարներից մեկը՝ Արենա Զեյնալյանն, այս Նոր տարին դիմավորել է ԱՄՆ-ում: Պարզվում է՝ կորոնավիրուսի պատճառով մոդելը փետրվարից մինչ օրս չի կարողացել վերադառնալ Երեւան: Ու թեեւ Արենան սրտնեղում է, որ, գրեթե, մեկ տարի չի հանդիպել, նույնիսկ, Թեհրանում բնակվող ընտանիքի անդամներին՝ կորոնավիրուսն, այնուամենայնիվ, հետաքրքիր ճակատագիր էր նախատեսել հայ գեղեցկուհու համար: Հենց ԱՄՆ-ում մնալու շնորհիվ Արենան գտել է իր կյանքի կեսին, Ամանորն էլ անցկացրել է սիրելիի ու նրա հարազատների հետ:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում մոդելն առաջին անգամ խոսել է անձնական կյանքի փոփոխության մասին, անդրադարձել նաեւ 2020-ին՝ իր բոլոր տհաճ «անակնկալներով», խոսել Women’s Club-ի վերջին թողարկումներում իր բացակայության եւ 2021-ից իր սպասելիքների մասին:
«Ընտրյալս ԱՄՆ-ից է, բայց հայ է: Մենք ընտանիքներով միշտ մտերիմ ենք եղել, իսկ այստեղ մեր շփումն ու ընկերությունն ամրապնդվեց, ավելի լավ սկսեցինք միմյանց ճանաչել ու ավելի մտերմացանք: Ամանորն այս տարի անցկացրել եմ ընկերոջս, նրա ընկերների եւ զարմիկների հետ: Հետաքրքիր օր էր, միեւնույն ժամանակ՝ մի քիչ տարօրինակ ինձ համար, որովհետեւ ընտանիքիցս հեռու եմ գտնվում: Առաջին անգամ էի ԱՄՆ-ում դիմավորում Նոր տարին, հուսամ՝ այն լավը կլինի: Իհարկե, այս Ամանորը, ամեն դեպքում, չուներ տոնական համ ու հոտ՝ պայմանավորված նախորդ տարվա իրադարձությունների հետ»,-ասում է Արենան եւ անդրադառնալով 2020-ին՝ հավելում.
«Շատ դժվար տարի էր, թեեւ թիվը գեղեցիկ էր, եւ բոլորս էլ, երեւի, կարծում էինք, որ տարին էլ նույնքան գեղեցիկ պիտի լիներ՝ ծնունդներ, հարսանիքներ, տոներ, բայց այն այլ կերպ ընթացավ, հատկապես, հայերի համար... Ես՝ ինքս, մեծ դաս քաղեցի՝ դա այն է, որ մարդ պետք է գնահատի իր ներկան, պիտի ապրի, սիրի իր շրջապատը, գնահատի պահն ու փառք տա Աստծուն կյանքի համար: Պետք չէ հետաձգել ամենափոքր բանն անգամ, օրինակ՝ հարազատին զանգահարելը՝ մտածելով, թե դա կարելի է անել թեկուզ վաղը կամ մյուս օրը... Ամեն պահն ու ամեն մարդու ներկայությունը պետք է գնահատել ու շնորհակալ լինել Աստծուն, որ տվյալ մարդը կա, ողջ է ու առողջ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: