Ես Շուշիից դուրս եմ եկել Սեյրան Օհանյանի հետ ոսկեգույն Նիսանով. Արգիշտի Քյարամյան
Ես Շուշիից դուրս եմ եկել մոտ մեկ տասնյակ անձանց հետ, նրանց հետ նաև Սեյրան Օհանյանը, և ես Սեյրան Օհանյանի հետ եմ դուրս եկել նույն մեքենայով,մեքենան ինկասացիայի մեքենա չի եղել, բեռնախցիկում էլ եղել են քարտեզներ, ռացիաներ, զինամթերք: Այս մասին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` անդրադառնալով իր անվան հետ առնչվող հայտարարություններին։
Քյարամյանը նաեւ ասել է, որ այդ տեղեկությունը առաջինը հրապարակել անհայտ ծագման տելեգրամյան մի ալիք, որը հետո տարածել է «Հայրենիք» կուսակցության անդամներից մեկը։
Նա նաև ներկայացրել է՝ ինչպես է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը իր զորախմբի հետ լքել Շուշիի պաշտպանական գործողության վայրը։
«Ես ինքս որոշել էի պատերազմին որևէ կերպ չանդրադառնալ, որովհետև պատերազմը շատ հուզիչ ապրումներ է առաջացնում։ Որոշել էի նաև չանդրադառնալ Շուշիում «Հայրենիք» կուսակցության հետ տեղի ունեցածին, որովհետև հետպատերազմյան շրջանում շատ զգույշ է պետք խոսել։ Ես Շուշի գնացել էի աշխարհազորայինին միանալու, որը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։ Թշնամու կողմից Շուշիի ուղղությամբ հարձակման օրը, երբ ես, Սեյրան Օհանյանը, ՊԲ կողմից նշանակված հրամանատարությունը գտնվում էինք շտաբում, օրվա կեսից այնտեղ է գալիս Արթուր Վանեցյանը, ասում է՝ զորախմբով եկել են Արցախ, պետք է տեղակայվեն այլ վայր, կարծեմ Մարտակերտ, բայց ՊԲ-ն իրենց ուղարկել է Շուշի։
Այդ օրը գիշերը թշնամին հարձակվում է Շուշիի ուղղությամբ, հրամանատարությունը կապ է հաստատել Վանեցյանի հետ, առաջարկում է գալ որոշակի դիրքում տեղակայվել, Վանեցյանի զորախմբից պատասխանում են՝ նոր ենք եկել, դեռ պատրաստ չենք մարտական գործողության մասնակցելու։ Սեյրան Օհանյանը ինձ առաջարկում է գնալ և «Հայրենիք» զորախմբին առաջարկել գալ եւ տեղակայվել մարտական գործողություններին հարակից մի վայրում: Ես գնում եմ, հանդիպում եմ Վանեցյանին, ասում եմ, որ այսպիսի խնդիր ունենք մենք, Վանեցյանը համաձայնում է, ասում է` որեւէ խնդիր չկա եւ պատրաստ են գնալ եւ ցանկացած վայրում տեղակայվել: Միասին մեքենաներով շարժվում ենք այն վայրը, որտեղ որ զորախումբը պետք է տեղակայվի, այնտեղ մեզ դիմավորում է Արցախի ոստիկանապետը, փոքր ջոկատներով գնում ենք տեղակայման վայր, որտեղ որ «Հայրենիք» զորախումբը չի խարամատավորվում, սակայն պետք է խրամատավորվեր: Մենք մի գնդապետի եւ 10 կամավորների հետ որոշում ենք մի բարձունքում տեղակավել, գնում ենք, ճանապարհին մեկ այլ դիրք ենք նկատում, որն էլի հարմար է եւ ես հետ եմ գնում, որ էլի խումբ բերեմ եւ այդ դիրքում տեղակայեմ, այդ ընթացքում տեխնիկական պատճառներով զորախմբի ծառայակիցների մեկի ճկույթը վնասվում է եւ երբ դիրքերից մեկում վիրավորվում զորախմբի մեկ այլ անդամ, գնում ենք, որ իջացնենք, հետ գալուց արդեն Վանեցյանը տեղակայման վայրում չի լինում: Հետագայում պարզել ենք, որ շտաբում է, մոտ 2-3 ժամ փորձել ենք պարզել կատարվածը, հետո վերադարձել ենք շտաբ եւ Վանեցյանը շտաբում չի եղել, վերադարձել է Ստեփանակերտ: Տեղակայման վայրում զորախմբից մի տղա եմ տեսել, ով ասաց որ ոչ մեկ իրեն չի ասել այդտեղ տեղակայվել: Դրանից հետո գնդապետն ինձ ասում է, որ զորախմբից ոչ մեկ չկա տեղակայման վայրում, մենք այդ վայրում լրիվ այլ ստորաբաժանում ենք տեղակայում»,- պատմել է Քյարամյանը։