ՌԴ Պետդումայում Մեծ Բրիտանիային կոչ են արել չափավորել «գաղութարարական նկրտումները» Ղրիմի հարցում
ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել է, որ Ուկրաինայի կազմում Ղրիմի վերականգնումը ֆինանսավորելու Մեծ Բրիտանիայի մտադրությունը «գաղութարարական նկրտումների» դրսևորում է, և կոչ է արել չմիջամտել Ռուսաստանի ներքին գործերին: Ավելի վաղ բրիտանական կառավարության կայքում հայտնվել է մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Կիևում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ֆինանսավորելու է Ուկրաինայի կազմում Ղրիմի անդամակցության վերականգնումը:
«Մեծ Բրիտանիայի կողմից նման հայտարարությունները նրա գաղութարարական նկրտումների դրսևորում է, որոնք նա այդպես էլ չկարողացավ հաղթահարել, ուստի փորձում է կրկին իրագործել մյուս ինքնիշխան պետությունների տարածքում: Նա պետք է վերանայի իր գործելակերպը և չափավորի հավակնությունները իր արժեքները մյուս երկրների վզին փաթաթելու հարցում: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ մեր ԱԳ նախարարությունն արձագանքի Մեծ Բրիտանիայի միջամտությանը Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին»,-ՌԻԱ Նովոստիին ասել է Շերեմետը:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, եթե անգլիացիներն իսկապես ցանկանում են անկեղծորեն օգնել Ուկրաինային, ապա արժե ֆինանսավորել ոչ թե սադրիչ նախագծերը, որոնք կապված են Ղրիմի հետ, այլ Ուկրաինայի ժողովրդի համար կորոնավիրոիսի դեմ պատվաստանյութի գնումը, որին «նրա իշխանությունները մեն մենակ են թողել համավարակի դեմ պայքարում»: