Հայաստանն ու Ադրբեջանը գծել են հարաբերությունների սահմանները. Ղարաբաղը մնացել է քննարկման սահմաններից դուրս. «Կոմերսանտ»
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքները Բաքվում եւ Երեւանում տրամագծորեն հակառակ գնահատականի են արժանացել: Ադրբեջանում հանդիպումն արդյունավետ են համարել, քանի որ դրա ժամանակ հասել են տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման պայմանավորվածության: Իսկ Հայաստանում ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է թուլակամության եւ հերթական անգամ դիրքերը հանձնելու մեջ. հայ հանրության շրջանում առաջնահերթ հարց են համարում գերիների վերադարձը, բայց դրա փոխարեն բանակցություններում քննարկել են տնտեսական օրակարգ, որը պնդել է Ադրբեջանը, նշում է «Կոմերսանտը»:
Թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում ակտիվորեն բանավիճում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքների շուրջ, որը նախօրեին տեղի է ունեցել Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը զբաղվելու է «տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ»: Խոսքը երկու հիմնական ուղղությունների մասին է: Առաջինը միջանցքն է Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջեւանի անկլավ, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով: Երկրորդը Երեւանից դեպի նույն Սյունիքի մարզ երկաթուղին է, որն անցնում է Նախիջեւանով: Երկու երթուղին էլ խորհրդային տարիներին ակտիվորեն օգտագործվում էին, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվելուց հետո դադարել էին գոյություն ունենալ:
Նշված տրանսպորտային ուղիների փակման պատճառով ժամանակին տուժել է նաեւ Ռուսաստանը: Երբ վրաց-աբխազական հակամարտության հետեւանքով Ռուսաստանից Վրաստան գնացքների երթեւեկությունը անհնարին դարձավ, Հայաստանը կորցրեց դեպի իր հիմնական դաշնակից տանող ամենահուսալի երթուղին, իսկ Ռուսաստանը՝ Թուրքիայի երկաթուղիների հետ կապը:
Արդյունքում Հայաստանի երկաթուղին կրճատվեց մինչեւ ոչ մեծ տեղամաս, որը կապում էր Երեւանն ու Թբիլիսին, իսկ Ռուսաստանից ապրանքները կարող են տեղափոխվել միայն Ռազմավիրական ճանապարհով, որը պարբերաբար փակվում է եղանակային պայմանների պատճառով:
Հայաստանի համար լուրջ օգնություն կարող էր դառնալ Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը, բայց դա էլ մինչեւ հիմա անհնար է՝ հաշվի առնելով, որ երկրներին կապում է միայն մեկ լեռնային ճանապարհ:
Այսպիսով, Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է ձեռնտու լինի երեք կողմերին. Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջեւան եւ Թուրքիա, Ռուսաստանին՝ դեպի Թուրքիա եւ Հայաստան, Հայաստանին՝ դեպի Ռուսաստան եւ Իրան: Սակայն դե ֆակտո բանակցությունների արդյունքներով հաղթող իրեն զգաց միայն Իլհամ Ալիեւը: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շեշտը դրեց ոչ թե ձեռքբերումների, այլ չլուծված հարցերի վրա. առաջին հերթին այն, որ Բաքուն չի ցանկանում քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, երկրորդ հերթին՝ ռազմագերիների ճակատագիրը:
Նիկոլ Փաշինյանի հիասթափությունը կիսում են նաեւ այլ հայ քաղաքական գործիչներ, ճիշտ է, նրանք համոզված են, որ բանակցությունների «ձախողման» մեջ մեղավոր է վարչապետը:
Չկարողանալով հպարտանալ բանակցություններում այլ ձեռքբերումներով, Նիկոլ Փաշինյանը կանգ առավ տնտեսական կապերի զարգացման հեռանկարների վրա:
Նրա կարծիքով՝ դրանք կարող են «լրջորեն փոխել տարածաշրջանի տնտեսական պատկերն ու բարձրացնել ներդրումային ներուժն ու ներդրումային գրավչությունը»:
Carnegie Europe կենտրոնի ավագ գիտաշխատող եւ «Սեւ այգի» ԼՂ հակամարտության մասին գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը կարծիք է հայտնել, որ բանակցություններում «ամենահետաքրքիրը» մնացել է փակ դռների հետեւում, իսկ տնտեսական օրակարգն առաջին պլան է մղվել միայն նրա համար, որպեսզի ինչ-որ արդյունք ներկայացվի: «Անկասկած, Փաշինյանը ցանկանում էր հասնել գերիների եւ անհետ կորածների հարցով համաձայնության, սակայն Ալիեւին դա դեռ չի հետաքրքրում: Ալիեւը, հավանաբար, դժգոհ է խաղաղապահ առաքելության աշխատանքից, սակայն Պուտինը պատրաստ չէ այդ առումով զիջումների: Ի՞նչ է մնում: Անկեղծ եւ ընդհանուր հետաքրքրություն տրասնպորտային հաղորդակցության վերականգնման նկատմամբ»,- ասել է փորձագետը: Սակայն Վաալը խոստովանել է, որ այդ ծրագիրը պետք է երկարաժամկետ համարել, եւ դրա իրականացման համար անհրաժեշտ է ոչ միայն ենթակառուցվածք, այլ նաեւ «քաղաքական կամք եւ համաձայնություն բազային մակարդակով, որոնք այժմ բացակայում են»: