Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ն անվանել է «սկզբունքային թշնամի» և հայտարարել, որ ԿԺԴՀ-ն կամրապնդի իր միջուկային ներուժը
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) կշարունակի ամրապնդել իր միջուկային ներուժը և զարգացնել պաշտպանունակությունը։ Այս մասին նախօրեին Փհենյանում Կորեայի աշխատանքային կուսակցության 8-րդ համագումարի փակման եզրափակիչ ելույթում հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Շարունակելով ամրապնդել մեր միջուկային զսպման ուժերը՝ մենք պետք է ամեն ինչ անենք հզորագույն զինված ուժեր ստեղծելու համար։ Անհրաժեշտ է պատրաստ լինել ցանկացած սպառնալիքի դիմակայության»,- ընդգծել է Կիմ Չեն Ընը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի «սկզբունքային թշնամին» է:
Նա նաև կոչ է արել «մոլեգին պայքար» մղել երկրի տնտեսական զարգացման հնգամյա պլանի իրականացման համար, որն ընդունվել է համագումարի ընթացքում:
«Սոցիալիստական ձեռքբերումների ապագան կախված է նրանից, թե ինչպես են կյանքի կոչվելու համագումարի որոշումները, ներառյալ՝ հնգամյա պլանը»,- ընդգծել է նա:
ԿԺԴՀ-ի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել ժողովի մասնակիցներին՝ Կորեայի աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում իրեն միաձայն ընտրելու համար ՝ նշելով, որ «դա մեծ պատիվ է իր համար»։