«Լիվերպուլի» նախկին հարձակվող․ «Մանչեսթեր Յունայթեդն» առանց Ֆերնանդեշի եւ Ռեշֆորդի միջակ թիմ է
«Լիվերպուլի» եւ Իռլանդիայի հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլային մեկնաբան Ջոն Օլդրիջը կարծում է, որ Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Լիվերպուլը» խնդիր չի ունենա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայքարում, եթե կարողա չեզոքացնել պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին եւ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։
«Ես չէի ասի, թե «Լիվերպուլը» պետք է ինչ-որ բանի վրա աշխատի՝ պատրաստվելով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին «Էնֆիլդում»։
Պետք է զսպել Ֆերնանդեշին եւ Ռեշֆորդին։ Նրանք վտանգավոր են։ Առանց նրանց «Մանչեսթեր Յունայթեդը» միջակ թիմ է։ Նրանք 5-րդ կամ 6-րդ տեղում կլինեին, բայց այս երկու ֆուտբոլիստներն առաջ են տանում թիմին։
«Լիվերպուլն» ավելի ուժեղ է, եւ Կլոպը պարզապես պետք է շատ չմտածի այս դիմակայության մասին»,- 62-ամյա Օլդրիջի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 17-ին։ Երկու թիմերն էլ վաստակել են 33 միավոր եւ առաջատարներն են։ «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել։