Սարգիս Ադամյան․ Այդպես չի կարող լինել, որ 18 տարեկանները ստիպված լինեն գնալ պատերազմ
Հայաստանի ազգային հավաքականի եւ գերմանական «Հոֆենհայմի» 27-ամյա հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է Ազգերի լիգայում Վրաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակի (նոյեմբերի 15), Արցախյան երկրորդ պատերազմի, Գերմանիա տեղափոխվելու, ընտանիքի մասին։
«Վրաստանի հետ հանդիպումը առանձնահատուկ էր մեր հավաքականի համար։ Դա ավելին էր, քան ընդամենը ֆուտբոլ։ Մենք ցանկանում էինք մեր խաղով մի փոքր ուրախացնել Հայաստանի ժողովրդին, որը շատ ծանր իրավիճակում էր պատերազմից հետո։
Մենք ընդամենը օրվա վերջում ֆուտբոլ ենք խաղում, իսկ իսկական հերոսները հիվանդանոցներում աշխատողներն են, երկրի պաշտպանության համար կռվողները եւ մարդկանց իրավունքների համար պայքարողները։ Նրանք են իրական հերոսները։
Պատերազմը, փախստականները, այդ ամենը շատ տխուր էր։ Տեսնել, թե ինչպես են մարդիկ կռվում իրենց կյանքի համար, դա խելահեղություն է։ Ես հույս ունեի, որ այդ ամենը շատ շուտ կավարտվի։ Այդպես չի կարող լինել, որ 18 տարեկանները ստիպված լինեն գնալ պատերազմ՝ պաշտպանելու երկիրը։ Դու գիտակցում ես, որ չունես ոչ մի իրական խնդիր՝ մի քանի շաբաթ կամ ամիս ընդամենը ֆուտբոլ չխաղալով։
Իմ մի քանի ազգականներ ապրում են Երեւանում։ Նրանք նույնպես ազդված էին այդ իրավիճակից։ Հույս ունեմ, որ շուտով նրանք ուրախանալու ավելի շատ առիթներ կունենան։
Ես 1998-ին եմ Հայաստանից տեղափոխվել Գերմանիա ընտանիքիս հետ։ Հայրս այնտեղ կորցրեց աշխատանքը։ Դրանից երկու տարի առաջ հորաքույրս էր արտագաղթել Գերմանիա, եւ նա օգնեց մեզ։
Առաջին օրերս Գերմանիայում չեմ կարող հիշել, քանի որ ընդամենը 5 տարեկան էի։ Իհարկե, հեշտ չէր, հատկապես լեզվի հետ կապված։ Բայց մենք ինչքան հնարավոր է արագ սովորեցինք գերմաներեն։ Երեխայի համար այդքան էլ բարդ չէ։ Ֆուտբոլային խաղադաշտում երեխաների հետ շփումը օգնում է, լեզուն կարեւոր չէ, գնդակն է կարեւոր։ Ես շատ լավ մանկություն եմ ունեցել։
Հիմա ծնողներս ապրում եւ աշխատում են Համբուրգում երեք ավագ քույրերիցս մեկի հետ։ Ամեն ինչ հրաշալի է։ Նրանք իրենց շատ լավ են զգում Գերմանիայում։ Բայց ընտանիքում մենք իրար հետ խոսում ենք միայն հայերեն։
Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները կան, բայց ամեն ինչ լավ է, ես եւ ընկերուհիս Հայդելբերգում մեզ զգում ենք՝ ինչպես տանը։ Ընտանիքիս մոտ ամեն ինչ լավ է, ես դարձյալ ֆուտբոլային խաղադաշտում եմ։ Իհարկե, միշտ մտածում եմ հայրենիքումս տիրող վիճակի մասին, բայց երբ դիտարկում եմ իմ մասնավոր կյանքը, չեմ կարող ավելին ցանկանալ»,- պատմել է Սարգիս Ադամյանը։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում Վրաստանի հավաքականին հաղթել է 2։1 հաշվով։ Հաղթական գոլը Սարգիս Ադամյանը խփել է 86-րդ րոպեին։