Էրդողանի փաստաբանը բողոքարկել է դատարանի՝ Թուրքիայի առաջին տիկնոջ 50 000 դոլար արժողությամբ Hermès պայուսակը քննադատած լրագրողին ազատ արձակելու որոշումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը բողոքարկել է երկրի առաջին տիկնոջ՝ Էմինե Էրդողանի շքեղ պայուսակը քննադատած լրագրողին ազատ արձակելու մասին դատարանի որոշումը, գրում է Ahval-ը։
2019 թվականին Էմինե Էրդողանին պատկանող Hermès պայուսակի վերաբերյալ քննադատական հոդվածի պատճառով թուրքական Evrensel daily թերթի լրագրող Էնդրյու Իմրեքի դեմ դատական գործ էր բացվել, սակայն գործը հետագայում կարճվել էր։
Նշվում է, որ իր հոդվածում Իմրեքն առաջին տիկնոջը քննադատել էր Ճապոնիայում G20 գագաթնաժողովին ամուսնուն ուղեկցելիս 50 000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ կրելու համար՝ հայտարարելով, որ Էմինե Էրդողանն անտարբեր է իր երկրում տիրող ֆինանսական ճգնաժամի նկատմամբ։
Օրերս Էրդողանների ընտանիքի փաստաբանը բողոք է ներկայացրել՝ վկայակոչելով դատարանի որոշման «անօրինականությունը»։ Նրա խոսքով՝ լրագրողի հոդվածը «զերծ է լրագրողական էթիկայից և չար դիտավորություն ունի»։
Ինչպես նշում է թերթը, անցյալ տարի սոցցանցերում Էրդողանի դստեր և փեսայի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար Թուրքիայում մի քանի մարդ է ձերբակալվել: