Թուրքիայում «F-35» կործանիչների պահեստամասերի արտադրությունը կասեցված կմնա 2021-2022-ին, քանի որ ռուսական «С-400» համակարգերի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել. Պենտագոնի ներկայացուցիչ
Թուրքիայում հինգերորդ սերնդի F-35 կործանիչների պահեստամասերի արտադրությունը շարունակելու է կասեցված մնալ 2021-2022 թթ.-ին, քանի որ նշված ռազմական ինքնաթիռների արտադրության ծրագրում Թուրքիայի մասնակցությունը սառեցված է ռուսական զենիթահրթիռային «С-400» համակարգեր ձեռք բերելու պատճառով: Այս մասին ТАСС-ին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Թոմաս Քեմպբելլը:
«F-35-երի արտադրության ծրագրում Թուրքիայի մասնակցության առնչությամբ ԱՄՆ քաղաքականությունն անփոփոխ է մնացել. մասնակցությունը սառեցված է»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Հունվարի 10-ին Թուրքիայի պաշտպանական ռազմարդյունաբերության ծառայության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ թուրքական ձեռնարկությունները շարունակում են աշխատել F-35 կործանիչների արտադրության ուղղությամբ, չնայած Վաշինգտոնի՝ Անկարային ծրագրից դուրս թողնելու որոշմանը: Դեմիրը, միաժամանակ, նշել էր, որ ռուսական «С-400» համակարգերն արդեն պատրաստ են շահագործման:
Ռուսաստանն ու Թուրքիան 2017 թ.-ին «С-400» համարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր էին կնքել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է մինչ այս պահը, որը Ռուսաստանից նման սպառազինություն է ձեռք բերել: Անկարայի այս քայլը սուր արձագանքի արժանացավ ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ այլ երկրների կողմից: