ԵՄ-ն Իրանին կոչ է արել վերանայել ուրանը մինչև 20% հարստացնելու որոշումը՝ խոստանալով առավելագույն ջանքեր գործադրել ԱՄՆ-ին Բայդենի օրոք միջուկային գործարքին վերադարձնելու ուղղությամբ
Եվրամիությունը Իրանին կոչ է արել վերանայել ուրանը մինչև 20% հարստացնելու իր որոշումը՝ խոստանալով առավելագույն ջանքեր գործադրել ԱՄՆ-ին Բայդենի կառավարման օրոք միջուկային գործարքին վերադարձնելու ուղղությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԵՄ արտաքին հարցերի և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:
«Սա վտանգավոր զարգացում է, մենք լուրջ մտահոգություններ ունենք, գործընթացը կարող է լուրջ հետևանքներ ունենալ միջուկային տարածման տեսանկյունից»,- նշել է Բորելը:
Նա, միաժամանակ, կրկին շեշտել է, որ մտադիր են ամեն բան անել պահպանելու 2015 թ. միջուկային գործարքը, որը էապես տուժեց 2016 թ. ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալու և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չվերացնելու հետևանքով:
Մինչ այդ Իրանի Մեջլիսի Գերագույն խորհրդի անդամ Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին հայտարարել էր, որ Թեհրանը կվտարի երկրից ՄԱԳԱՏԷ-ի դիտորդներին և կհրաժարվի գործակալության հետ հետագա աշխատանքից, եթե մինչև փետրվարի 21-ը Իրանի ֆինանսական, բանկային և նավթային ոլորտների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չդադարեցվեն:
2020 թ. դեկտեմբերի 2-ին Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն էր տվել Իրանի Մեջլիսի ընդունած օրենքին, որով կառավարությունը պատրաստվում է բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը մինչև 20%-ի: Իրանցի օրենսդիրներն այս կերպ ակնկալում են, որ սա կստիպի չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:
2018 թ-ին Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո 2019 թ-ին Իրանը փուլ առ փուլ դադարեցրեց գործարքով ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնք վերաբերում էին ուրանի հարստացմանն ու հետազոտական գործունեությանը, իսկ 2020 թ. հունվարին հայտարարեց պարտավորությունների կատարումը կասեցնելու գործընթացի ավարտի մասին:
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը հունվարի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ Իրանը մտադիր է ուրանը հարստացնել մինչև 20%-ի չափով: