Թուրք-հունական բանակցությունների նոր փուլը կմեկնարկի հունվարի 25-ին
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտնել է, որ Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլը կմեկնարկի հունվարի 25-ին, գրում է Ekathimerini-ն։
«Հունաստանը մտադրություն է հայտնել պատասխանել միջազգային իրավունքին համապատասխան բացառիկ տնտեսական գոտու և մայրցամաքային շելֆի սահմանազատման հարցի շուրջ թուրքական կողմից ցանկացած նման հրավերի»,- ասված է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդրոս Պապաիոաննուի հայտարարության մեջ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին հայտարարել է, որ Անկարան Աթենքին հետախուզական հարցերի շուրջ բանակցությունների վերսկսման պաշտոնական առաջարկ է անում։
«Սա հրավեր է, և ես հույս ունեմ, որ Հունաստանը չի մերժի այդ հրավերը և հետազոտական բանակցությունները կարող են վերսկսվել այս ամսվա ընթացքում»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Աթենքը բանակցությունները չվերսկսելու համար «ոչ մի արդարացում չունի»։
Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Նիկոս Դենդիասը պայմանավորվել էին հետախուզական հարցերի շուրջ բանակցություններ վարել դեռևս 2020 թվականի հոկտեմբերին: Սակայն ավելի ուշ Հունաստանը բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ նախապայման էր համարել իր տարածքային ջրերից թուրքական հետախուզական նավի դուրսբերումը, արդյունքում բանակցություններն առկախվել էին։
Ընդ որում, Լիսաբոնում Պորտուգալիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մատնանշել էր, որ «ցանկացած բանակցություն պետք է սկսվի այն կետից, որտեղ նրանք կանգ են առել 2016-ի մարտին»։