Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով: Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամով․ իսկ ահա, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390 դրամով: Բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը, բենզինի գնի բարձրացման հետ կապված, դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ բենզինի շուկան իրենց ուշադրության կենտրոնում է, և այնտեղ մոնիտորինգ են անում: Ապա նշեցին, որ արդյունքների մասին կտեղեկացնեն առաջիկայում: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է նաև Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային տարբերությամբ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը, հունվարի 4-ի տվյալներով, կազմել է մոտ 369 դրամ, Ռուսաստանում՝ մոտ 332 դրամ, Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 242 դրամ, Ղազախստանռւմ բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջինը 211 դրամ:
Նշենք, որ Հայաստանը հնարավորություն ունի Ղազախստանից մեծ քանակությամբ և մատչելի գներով բենզին ներկրել, քանի որ ղազախական կողմն արդեն մի քանի ամիս է, ինչ զրոյացրել է նավթամթերքի արտահանման տուրքերը: Հայաստանի հանրությունը հույս ուներ, որ բենզինի գինն այս ամենի արդյունքում զգալի կնվազի, բայց ինչպես տեսնում եք, Հայաստանում բենզինի գինը ոչ թե նվազում է, այլ բարձրանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: