Պաղեստինը դարձել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցած առաջին մերձարևելյան երկիրը
Պաղեստինը Մերձավոր Արևելքում դարձել է առաջին երկիրը, որը գրանցել է ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամից (RDIF):
Կազմակերպությունից հավելել են նաև, որ պատվաստանյութերի առաջին խմբաքանակը երկիր կժամանի մեկ ամսվա ընթացքում:
«RDIF-ը հայտարարում է Պաղեստինի առողջապահության նախարարության կողմից ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման մասին: Գրանցումն իրականացվել է որպես արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվության մաս՝ առանց պետության տարածքում լրացուցիչ կլինիկական փորձարկումների», - նշել են հիմնադրամից:
Հիշեցնենք՝ նախկինում նմանատիպ ընթացակարգի շրջանակներում պատվաստանյութը գրանցվել էր նաև Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում և Ալժիրում:
Դեղամիջոցի փոխադրումները Պաղեստին նախատեսված են այս տարվա առաջին եռամսյակում: Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը երկիր կհասնի մեկ ամսվա ընթացքում: Մատակարարումը կապահովվի RDIF-ի միջազգային գործընկերների միջոցով Հնդկաստանում, Չինաստանում, Հարավային Կորեայում և այլ երկրներում:
«Մեր պատվաստանյութի բարձր որակի և արդյունավետության շնորհիվ աճում է երկրների ուշադրությունը նրա նկատմամբ: Սա հանգեցնում է դրա գրանցման, մատակարարման և արտադրության աշխարհագրության ընդլայնմանը: Մենք ուրախ ենք, որ Եվրոպայից, Ասիայից, Լատինական Ամերիկայից և Աֆրիկայից հետո, «Սպուտնիկ V» -ը կներկայացվի նաև Մերձավոր Արևելքում», -մեկնաբանելով տեղի ունեցածը՝ պարզաբանել է RDIF- ի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը: