Հայաստանում կարանտինը երկարաձգվում է 6 ամսով
Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է համավարակի հիվանդացության աճի երրրորդ ալիքի վտանգի մասին (հաշվի առնելով մի շարք այլ երկրների փորձը՝ Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն), տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Հիմք ընդունելով վերը նշվածը` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը մեր երկրում նվազեցնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և պետական սահմանի անցման բոլոր կետերում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվում է 6 ամսով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը ժամը 17:00-ն։
Միաժամանակ, հաշվի առնելով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների որոշակի մեղմացումներ, մասնավորապես.
· Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում՝ սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում):
· Ուժը կորցրած են ճանաչվել հանրային միջոցառումների իրականացմանը ներկայացվող սահմանափակումները, այդ թվում՝ հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները։