Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ԼՂ հակամարտության կարգավորման հարցերի շուրջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հարցերը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդառաջ՝ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել, որում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Խորհրդակությանը մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱԳ նախարար Սերգել Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ հունվարի 11-ին եռակողմ հանդիպում տեղի կունենա ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Կրեմլի հաղորդմամբ՝ առանձին հանդիպումներ են նախատեսվում նաև ՌԴ նախագահի հետ: