Իրանական բանակի ցամաքային ուժերը զորավարժություններ կանցկացնեն երկրի սահմանի տարբեր հատվածներում
Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին կիրակի հայտարարել է, որ իր ղեկավարած ուժերը մոտ ապագայում զորավարժություններ են իրականացնելու երկրի հարավային շրջաններում:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, իրանցի հրամանատաի խոսքով՝ նախատեսված զորավարժություններն իրականացվելու են այլ իրանական ուժերի աջակցությամբ՝ ողջ ռազմական տեխնիկայի կիրառմամբ:
«Ուսումնավարժանքներն անցկացվելու են իրանական զինուժի մարտունակության պահպանման, ինչպես նաև պաշտպանական ունակությունների արդիականացման նպատակով: Դրանք կիրականացվեն երկրի հարավարևելյան շրջաններում և իրանական սահմանի տարբեր հատվածներում»,- մեկնաբանել է գեներալը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իրանական օդուժը խոշորամասշտաբ զորավարժություններ է իրականացրել Սեմնանի նահանգնում, որոնց ընթացքում առաջին անգամ կիրառվել են արհեստական բանականությամբ աշխատող և տեղական արտադրության «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր: