Մոսկվայում կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել Արցախի մասին համատեղ հայտարարության իրագործման ընթացքն ու տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը. Կրեմլ
Հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում եռակողմ բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանդիպման ժամանակ նախատեսվում է ուսումնասիրել երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրագործման ընթացքը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը:
«Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն տրամադրելուն, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ու զարգացմանն առնչվող հարցերին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նախատսվում է, որ Վլադիմիր Պուտինն առանձին զրույցներ կունենա Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ, անդրադառնալով Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին, հայտնել էր, որ այցի օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։