TikTok-ը համաձայնել է պաշտոնական ներկայացուցիչ նշանակել Թուրքիայում
TikTok տեսանյութերի տարածման չինական հավելվածը համաձայնել է պաշտոնական ներկայացուցիչ նշանակել Թուրքիայում, հաղորդում է Anadolu-ն:
«Հուսով ենք, որ մյուս սոցիալական ցանցերը եւս կհայտարարեն իրենց ներկայացուցիչների մասին եւ կկատարեն իրենց պարտավորությունները»,- Twitter-ում գրել է տրանսպորտի եւ ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայանը:
Անցյալ տարի Թուրքիան 40 միլիոն թուրքական լիրայի (5.43 միլիոն դոլար) տուգանք էր սահմանել սոցցանցի համար, այդ թվում` Facebook-ի, Twitter-ի եւ YouTube-ի` սոցցանցերի մասին օրենքը չկատարելու համար: Օրենքը պահանջում է, որպեսզի սոցիալական պլատֆորմները տեղական ներկայացուցիչներ նշանակեն Թուրքիայում:
VKontakte-ն, YouTube-ը եւ TikTok-ը որոշել են տեղական ներկայացուցիչներ նշանակել երկրում: Նոր օրենսդրության համաձայն` սոցիալական ցանցերով զբաղվող ընկերությունները 48 ժամվա ընթացքում պետք է պատասխանեն անձնական տվյալների եւ գաղտնիության իրավունքների վերաբերյալ թուրքական կառավարության կողմից ներկայացված հայցերին: Պլատֆորմները նաեւ պետք է կիսամյակային հաշվետվություններ հրապարակեն նման հարցումներին պատասխանների քանակի վերաբերյալ: Սոցիալական ցանցերը, որոնք չեն կատարում անօրինական քոնթենթի հեռացման մասին դատարանի որոշումները, ենթակա են տույժերի` օրենքին համապատասխան: Բացի այդ, այն նաեւ պահանջում է սոցիալական ցանցերից միջոցներ ձեռնարկել Թուրքիայում թուրք օգտատերերի տվյալների տեղադրման համար: