Ռոհանի. Իրանցիները փորձադաշտ չեն դառնա կորոնավիրուսի դեմ արտասահմանյան պատվաստանյութերի համար
Իրանցիները կորոնավիրուսի դեմ արտասահմանյան պատվաստանյութերի համար փորձադաշտ չեն դառնա: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը:
Նրա խոսքով` իրանցի ժողովրդի առողջությունը գերակա խնդիր է կառավարության համար, Իրանը հրաժարվում է արտասահմանյան պատվաստանյութեր ներկրել, որոնք դեռ կլինիկական փորձարկումներ եւ հաստատման ընթացակարգեր չեն անցել: Ռոհանին հավելել է, որ իրանցիները պետք է վստահ լինեն, որ արտասահմանյան ընկերությունները Covid-19-ի դեմ պատվաստանյութն իրենց վրա չեն փորձարկի:
Ռոհանին ողջունել է երկրում Covid-19-ով վարակման դեպքերի նվազման միտումն առողջապահական լավ միջոցառումների եւ արձանագրությունների շոնրհիվ եւ հայտարարել է, որ մահվան դեպքերի եւ հոսպիտալացումների թիվը նվազել է համապատասխանաբար 70 եւ 80 տոկոսով:
«Այսօր պատվաստանյութերի մատակարարումը մարդկանց պահանջներից մեկն է: Կառավարությունը փորձում է հնարավորինս արագ արդյունքների հասնել կամ հաստատված պատվաստանյութեր ներմուծել»: Նա նաեւ պատմել է պատվաստանյութերի մատակարարման հետ կապված ԱՄՆ-ի սաբոտաժի մասին` հայտարարելով, որ վերջին ամսվա ընթացքում երկիրը որոշ խնդիրների առջեւ է կանգնել պատվաստանյութի գնման համար գումարի փոխանցման տեսանկյունից, եւ դա Իրանի ժողովրդի դեմ Միացյալ Նահանգների կողմից կատարված հանցագործության ամենավառ օրինակներից մեկն է: