Բայդենը գոհ է, որ Թրամփը բաց կթողնի երդմնակալության արարողությունը
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ լավ է, որ նախագահ Դոնալդ Թրամփը բաց կթողնի երդմնակալության արարողությունը, փոխանցում է CNBC-ն:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու հունվարի 20-ի միջոցառմանը:
«Ինձ ասացին, որ նա հասկացրել է, որ չի պատրաստվում ներկա գտնվել երդմնակալությանը. սա այն եզակի բաներից է, որի շուրջ ես եւ ինքը երբեւէ համաձայնել ենք»,- ասել է Բայդենը Թրամփի մասին: «Լավ է, որ նա չի հայտնվի... Նա գերազանցեց նույնիսկ իմ ամենավատ պատկերացումներն իր մասին»,- ասել է ընտրված Նախագահը: «Նա Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենա ոչ կոմպետենտ նախագահներից մեկն է»:
Ընդ որում, Բայդենը երդմնակալությանը հրավիրել է փոխնախագահ Մայք Փենսին: «Կարծում եմ, որ կարեւոր է, թե որքանով մենք կարող ենք հավատարիմ մնալ պատմական նախադեպերին եւ հանգամանքներին, թե ինչպես պետք է ապահովել վարչակազմի փոփոխությունը»,- ասել է Բայդենը: «Այնպես որ, Մայք, համեցիր: Ինձ համար մեծ պատիվ կլիներ տեսնել նրան այստեղ»:
Նույն օրը ավելի վաղ Փենսի խոսնակ Դեվին Օ'Մելին հայտարարել էր, որ փոխնախագահն ու նրա կինը ՝ Կարեն Փենսը, դեռ որոշում չեն կայացրել երդմնակալության մասնակցության վերաբերյալ: