Մխիթարյանը և «Ռոման» պայմանավորվել են նոր պայմանագրի հարցում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և իտալական «Ռոման» փոխհամաձայնության են եկել գործող պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հարցում: Այդ մասին թվիթերյան էջում գրել է իտալացի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
31-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2022-ի ամառ: Այս մրցաշրջանի վերջում նա չի ստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում: Նա 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 խաղի և դարձել 8 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանն A Սերիայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողն է այս մրցաշրջանում, ինչպես նաև «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է:
Հենրիխ Մխիթարյանը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):
«Արսենալի» կազմում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 59 խաղի և դարձել 9 գոլի հեղինակ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 39 հանդիպում ու խփել 5 գոլ:
Գրառումը՝ այստեղ: