Ֆրանսիան դիտարկում է Աֆրիկայի Սահել շրջանից զորքերի մասնակի դուրսբերման հնարավորությունը
Ֆրանսիան դիտարկում է Աֆրիկայի Սահել շրջանում իսլամական ծայրահեղականների դեմ իր ռազմական ռազմավարությունը փոխելու եւ զորքերի մասնակի դուրսբերման հնարավորությունը, հայտնում է AP-ն:
Սպասվում է, որ հաջորդ ամիս Չադի մայրաքաղաք Նջամենայում կայանալիք գագաթնաժողովին նախագահ Էմանուել Մակրոնը կհայտարարի Ֆրանսիայի ամենամեծ միջազգային ռազմական օպերացիայի անցկացման ժամկետների մասին:
Փարիզի կենտրոնում գտնվող Ալեքսանդր III կամրջի վրա տեղի ունեցավ Մալիում ինքնաշեն պայթուցիկ սարքից սպանված երկու զինվորների հիշատակի արարողությունը: Հինգ օր առաջ համանման հանգամանքներում եւս երեք ֆրանսիացի զինվոր էր մահացել:
Ֆրանսիայի օպերացիան Մալիում ստվերվել էր նաեւ ավիահարվածի անհասկանալի հանգամանքներով, որի արդյունքում առնվազն 20 մարդ էր զոհվել մի գյուղում, որտեղ, ըստ ականատեսների, իսլամական ծայրահեղականները հարսանեկան երեկույթ էին կազմակերպել: Ֆրանսիացի զինվորականները հայտնել էին, որ սպանվածներն «ահաբեկչական զինված խմբավորման» անդամներ էին, որոնք կապ չունեին հարսանիքի հետ:
Ֆրանսիական զորքերը Մալիում ներկա են 2013 թվականից: «Բարհան» անվանումը ստացած օպերացիան ընդլայնվել էր Չադի, Նիգերի, Բուրկինա Ֆասոյի եւ Մավրիտանիայի ներգրավման հաշվին` նպատակ ունենալով բարելավել անվտանգությունն ու կայունությունն ավելի լայն Սահելի շրջանում:
Այս շաբաթվա սկզբին Le Parisien-ին տված հարցազրույցում պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել էր, որ Ֆրանսիան «ամենայն հավանականությամբ» 5.100 զինծառայող կկրճատի Սահելի շրջանում: Կոնկրետ թվեր չեն հրապարակվել: