Թրամփը հայտարարել է, որ վրդովված էր Կապիտոլիումի վրա «հրեշավոր հարձակումից»
Գործող նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է իր կողմնակիցների գործողությունները, որոնք «պղծեցին ամերիկյան ժողովրդավարության կենտրոնը»՝ Կապիտոլիումի շենքում անկարգություններ անելով:
Twitter-ի եւ YouTube-ի իր էջերում տեղադրված տեսաուղերձում Թրամփն ասել է, որ ներկայումս կենտրոնացած է նոր վարչակազմին «իշխանությունը սահուն եւ կանոնավոր փոխանցելու վրա», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Այժմ Կոնգրեսը հաստատել է (քվեարկության) արդյունքները: Նոր վարչակազմի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: Հիմա իմ ուշադրությունը կենտրոնացած է իշխանական լիազորությունների սահուն եւ կանոնավոր փոխանցումն ապահովելու վրա: Այս պահին մեզ անհրաժեշտ է բուժում եւ հաշտեցում»,- հայտարարել է նախագահը՝ դիմելով ամերիկացիներին:
Թրամփն ասել է, որ վրդովվել է Կապիտոլիումի վրա «հրեշավոր հարձակումից»՝ նշելով, որ չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին Կոնգրես ներխուժած ցուցարարները «պղծեցին ամերիկյան ժողովրդավարության կենտրոնը»:
Նախագահի խոսքով՝ մարդիկ, ովքեր խախտել են օրենքը եւ բռնի գործողություններ են կատարել, «չեն ներկայացնում մեր երկիրը եւ պատասխանատվություն կկրեն դրա համար»: Թրամփը հավելել է, որ նախագահի պաշտոնում անցկացրած չորս տարիներն իր կյանքում ամենամեծ պատիվն է: