ԱՄՆ Ազգային գվարդիայի մոտ 6200 աշխատակիցներ են մոբիլիզացվել՝ Վաշինգտոնում կարգուկանոն հաստատելու համար
ԱՄՆ մի շարք նահանգներում և Կոլումբիայի շրջանում Ազգային գվարդիայի մոտ 6200 աշխատակիցներ են մոբիլիզացվել՝ միանալու Վաշինգտոնում կարգուկանոնի պահպանություն իրականացնող ոստիկաններին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
Նշվում է, որ նրանցից 1000-ը ժամանել են Նյու Յորքից, 500-ը Մերիլենդից, 500-ը՝ Նյու Ջերսիից:
Վաշինգտոնում չորեքշաբթի ներգրավվել էին գվարդիայի 1100 անդամներ՝ աջակցելու Կապիտոլիումի պաշտպանական գործողութուններին:
Հետաքննությունների դաշնային բյուրոն ավելի վաղ դիմել է ամերիկացիներին՝ խնդրելով օգնել՝ բացահայտելու այն մարդկանց, որոնք մասնակցել են նախօրեին տեղի ունեցած խռովություններին և Կապիտոլիումի շենքի գրոհին:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: