Համաշխարհային ԶԼՄ-ներն անկարգությունները Վաշինգտոնում Թրամփի գլխավոր սխալն են համարում (Լուսանկարներ)
Ամերիկյան ժամանակակից պատմության մեջ այս աննախադեպ իրադարձությունները Վաշինգտոնում, երբ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները փորձեցին գրավել Կապիտոլիումը, ցնցել են համաշխարհային հանրությանը: Համաշխարհային շատ լրատվամիջոցներ` թե ձախական, թե աջական, դրանք հարձակում են անվանել ժողովրդավարության դեմ եւ հեռացող նախագահի հիմնական սխալը, փոխանցում է BBC-ն:
Ըստ Times-ի` Դոնալդ Թրամփը չի կարողացել ինքնակամ թողնել իր պաշտոնը: Եվ փոխանակ փորձելու դադարեցնել բռնի բողոքը, նա խրախուսում էր այն: Ցուցարարներին ուղղված տեսանյութը շատ ուշ հայտնվեց, եւ դա բավարար չէր:
Guardian-ը կարծում է, որ Թրամփը փորձել է հեղաշրջում իրականացնել: Ըստ թերթի` միջադեպի նպատակը Բայդենի նախագահ դառնալը կանխելն էր, եւ դա նրա նախագահությունը լեգիտիմացնելու եւ նոր վարչակազմի դերը թուլացնելու արշավի մի մաս է: Ժողովրդավարությունը համաձայնությունների համակարգ է, որը թույլ է տալիս համատեղ որոշումներ կայացնել եւ հարգել արդյունքը` ինչպիսին էլ այն լինի: Բռնությունը, որը մենք տեսանք Կապիտոլիումի բլուրում, ավտորիտար բնույթ է կրում: Թերթը կարծում է, որ դա միջոց է այլ մարդկանց ստիպելու ենթարկվել հրահրողների կամքին:
The Independent-ը հիշում է, որ Թրամփը ժամանակին հայտարարել էր Ամերիկան երրորդ աշխարհի պետության վերածելու մասին: Իսկ հիմա նա ինքն է հրահրել այն անկարգությունները, որոնք ավելի շատ ասոցացվում են իշխանության բռնի փոխանցման հետ անկայուն երկրներում:
Պարբերականի կարծիքով` Վաշինգտոնից տեսարանները պետք է ամերիկյան ժողովրդին հիշեցնեն, թե ինչու են նրանք քվեարկել Թրամփին աշխատանքից հեռացնելու համար եւ ինչու ամերիկացիները ոչ մի դեպքում չպետք է թույլ տան նրան կրկին մոտենալ իշխանությանը:
Daily Telegraph-ը մտորում է, թե ինչպես Վաշինգտոնում տեղի ունեցող անկարգությունները կանդրադառնան Թրամփի եւ Հանրապետական կուսակցության հարաբերությունների վրա: Ավագ հանրապետականներից շատերը մտածում են, թե ինչպիսի Պանդորայի արկղ են բացել` աջակցելով Թրամփին: Այժմ նրանք պատասխան ունենք. նրանք ստացել են ամեն գնով իշխանության գալու նրա ցանկությունը, երբ սահմանադրությունը ոչինչ չարժե:
Կապիտոլիումում տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ «թրամփիզմը» չի վերացել, եւ Թրամփը կշարունակի վայելել Հանրապետական կուսակցության անհավասարակշիռ մասի աջակցությունը, իսկ ինքը, հավանաբար, կկարծի, որ միայն ժամանակավոր է լքել Սպիտակ տունը:
New York Times-ը գրում է, որ Դոնալդ Թրամփի նախագահությունը, որն ի սկզբանե խրված էր զայրույթի, վեճերի եւ դավադրության տեսությունների մեջ, ավարտվում է նրանով, որ կատաղած ամբոխը, որը հրահրվում էր պարտված, սակայն ամեն կերպ իշխանությունից կառչած առաջնորդից, ներխուժում է Կապիտոլիում, ասես Ամերիկան տիպիկ ավտորիտար պետություն է:
2021 թվականի հունվարի 6-ը կհիշվի որպես Միացյալ Նահանգների պատմության ամենամութ օրերից մեկը: Իշխանության խաղաղ փոխանցումը խորհրդանշող օրվա փոխարեն չորեքշաբթի օրը կհիշվի որպես օր, երբ նախագահ Թրամփի կողմից հրահրվող ամբոխը ներխուժեց Կապիտոլիում եւ կոտրեց Ներկայացուցիչների պալատի դռների պատուհանները` զինված առճակատում ստեղծելով:
Fox News-ը, որն աչքի է ընկնում իր աջակողմյան հայացքներով եւ մեծապես աջակցվում է Թրամփի կողմից, այս անգամ արդարացում չի գտել Կապիտոլիումի վրա հարձակմանը: Սյունակագիր Դերոյ Մերդոքը միջադեպը դիվերսիայի ապշեցուցիչ ակտ է անվանել: «Այդ ապուշները հիմա կյանքը չափազանց բարդացրեցին կյանքը մեզանից նրանց համար, ով հիանում է նախագահ Թրամփով` ներքին եւ միջազգային քաղաքականության մեջ նրա զգալի հաղթանակների համար»,- գրել է նա:
Այս ոչ ամերիկացի անարխիստներն արջի ծառայություն մատուցեցին նախագահ Թրամփին, America First շարժմանը, նոյեմբերին իր օգտին քվեարկած 74 միլիոն ընտրողներին եւ մեր սիրելի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, նշում է Մերդոքը:
Չորեքշաբթի օրվա իրադարձությունների հետեւանքները երկար տարիներ կտարածվեն ինչպես շրջանակները ջրի վրա, եւ պատմաբանները ստիպված կլինեն զբաղվել դրանցով, գրում է Wall Street Journal-ը: Սակայն, հավանականությունը, որ հանրապետականները նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Թրամփին տեսնեն որպես իրենց կուսակցության առաջնորդ, զգալիորեն նվազել է:
«Ում էր փորձում ինքը Թրամփը հիշեցնել իր կողմնակիցներին բռնությունից հետո, հանրապետականները սիրում են, երբ իրենց ընկալում են որպես օրինականության եւ կարգուկանոնի կուսակցություն, եւ սա դժվար թե այն իմիջն է, որը նա այժմ ստեղծում է»,- գրում է թերթը:
Ամերիկան ընկավ անիշխանության մեջ, գրում է գերմանական Süddeutsche Zeitung-ը: Դոնալդ Թրամփը, ով արհամարհում է երկիրը եւ նրա օրենքները, հրահրեց զանգվածներին՝ կոչ անելով աջակիցներին գրոհել մայրաքաղաքը: Վերջապես եկել է պահը, երբ այս անձին անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել: Նա ծաղրում է ԱՄՆ-ին, նա ոչնչացնում է ժողովրդավարությունը, նա հեղաշրջման կոչ է անում: Աշխարհի ցանկացած այլ ժողովրդավարության դեպքում դա կդիտարկվեր որպես հեղաշրջման փորձ: Սրա համար Թրամփը պետք է վճարի:
Իսպանական El Pais-ը կարծում է, որ ուժեղ հարված է հասցվել ժողովրդավարական սկզբունքներին: Առավելագույն քաղաքական լարվածության պահին Թրամփի անպատասխանատու վերաբերմունքը հանգեցրել է նոր տխրահռչակ գագաթնակետի՝ խիստ ոչ ժողովրդավարական գծերով: Նա կասկածի տակ դրեց ընտրությունների արդյունքները՝ առանց որեւէ ռացիոնալ բացատրության, եւ ծանր վերք հասցրեց, ինչն այժմ ակնհայտ է, ամերիկյան հասարակությանը: Մենք պետք է մտածենք ոչ միայն արմատականների մասին, որոնք ներխուժեցին Կոնգրեսի պալատներ, այլ նաեւ միլիոնավոր քաղաքացիների մասին, ովքեր կորցրեցին հավատը ժողովրդավարության հանդեպ՝ անարժան նախագահի լկտի ստերի պատճառով: